Վերջին ընթրիքին Քրիստոս հաստատեց Ս. Պատարագի խորհուրդը, որն առաքելական ժամանակաշրջանից մինչև այսօր մատուցվում է Քրիստոսի Եկեղեցում՝ լինելով Եկեղեցու կարևորագույն ու գլխավոր պաշտամունքը: Պատարագը, որը ստուգաբանորեն նշանակում է «նվեր, ընծա, զոհ», մատնանշում է մարդկության փրկության ու մեղքերի քավության համար Հիսուս Քրիստոսի պատարագման խորհուրդը:
Ս․ Պատարագի միջոցով հավատացյալները հաղորդ են դառնում Քրիստոսի փրկական շնորհներին և Ս. Հաղորդություն ստանալով՝ նախաճաշակում երկնքի արքայության երանությունը:
Ս․ Պատարագը մատուցում է քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականը, որին սպասավորում են սարկավագներ և դպիրներ։ Երգչախումբը ներկայացնում է ժողովրդին։
Հայոց Եկեղեցում Ս․ Պատարագը բաղկացած է 4 հիմնական մասերից.
ա. Պատրաստություն,
բ. Երախայից (Խոսքի) պատարագ,
գ. Հավատացելոց պատարագ,
դ. Օրհնություն և արձակում:
Ստորև ներկայացված են այդ մասերից յուրաքանչյուրի կառուցվածքը և համառոտ բացատրությունը:
Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Զգեստավորում - Սարկավագը ավանդատանը հատուկ կարգով զգեստավորում է պատարագիչ քահանային: Քահանայի զգեստավորվելը խորհրդանշում է հին մարդուց մերկանալը, մեղքերի ու ցանկությունների մեռնելը և Քրիստոսին հագնելը՝ պայծառանալով երկնային շնորհներով: Այս պատճառով զգեստավորման ընթացքում քահանան աղոթում է Աստվածորդուն, որ ինքը արժանի լինի կատարել Ս․ Պատարագի ահեղ խորհուրդը և մաքուր մտքով ու սրտով մտնել երկինք, այսինքն՝ Ս. Խորան և սրբությամբ ծառայել Ս. Սեղանի առջև:
Լվացում և հրապարակային խոստովանություն – Զգեստավորվելուց հետո պատարագիչը թափորի ուղեկցությամբ դուրս է գալիս ավանդատնից և կանգնում է Ս․ Խորանի առջև․ այդ ընթացքում երգչախումբը երգում է Խաչատուր Տարոնացու (ԺԲ-ԺԳ դդ․) «Խորհուրդ խորին» շարականը։ Ս․ Խորանի առջև կատարվում է պատարագիչ հոգևորականի ձեռքերի լվացումը, որը սրտի ու հոգու սրբությունն ու մաքրությունն է խորհրդանշում։ Մաքրվելուց հետո պատարագիչը խնդրում է Ս․ Աստվածածնի բարեխոսությունը, ապա ժողովրդի առջև հրապարակավ խոստովանում իր մեղքերը։ Թողություն ստանալով՝ պատարագիչն օրհնում է ժողովրդին և ներկաների համար նույնպես մեղքերի թողություն հայցում։
Նախամուտ - Պատարագիչ քահանան և բուրվառակիր սարկավագը, փոխնիփոխ սաղմոսների արտասանությամբ, թափորով բարձրանում են Ս․ Խորան: Վարագույրը փակվում է, երգչախումբը սկսում է երգել օրվա խորհրդին պատշաճող մեղեդին կամ տաղը:
Առաջադրություն - Երգեցողության ընթացքում փակ վարագույրի ետևում կատարվում է առաջադրության կարգը. պատարագիչ հոգևորականը հատուկ աղոթակարգով օրհնում է հացն ու գինին, խնկարկում պատրաստված սկիհին, որից հետո այն զետեղում է խորանի աջակողմյան (հյուսիսային) խորհրդանոցում:
Խնկարկություն - Վարագույրը բացվում է, քահանան Ս․ Սեղանի շուրջ խնկարկելուց հետո թափորով իջնում է ժողովրդի մեջ, խնկարկում եկեղեցում, ապա ապա բեմի մյուս կողմից դարձյալ բարձրանում է Ս․ Խորան: Այս խնկարկությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկնքից իջնելը, աշխարհում շրջելն ու կրկին երկինք բարձրանալը:
Բ. ԵՐԱԽԱՅԻՑ (ԽՈՍՔԻ) ՊԱՏԱՐԱԳ
Ս․ Պատարագի այս հատվածը սկսվում է Աստծու թագավորության հռչակմամբ։ Ապա հետևում են Աստծուն վերառաքվող օրհնություններ և հատուկ խնդրանք՝ երկնային ողորմածությամբ օրհնելու հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին: Պատարագիչ հոգևորականը Տիրոջ գութն ու ողորմությունն է հայցում բոլորի համար: Այնուհետև երգվում է ըստ օրվա խորհրդի շարականը և «Երեքսրբեան»-ը, որոնց հաջորդում են խնդրանքներ աշխարհի խաղաղության, Եկեղեցու հաստատունության, հոգևոր դասի, աշխարհական առաջնորդների, ննջեցյալների հոգիների համար:
Ճաշու ընթերցվածքներ – Այս պահին ընթերցվում է Ս․ Գիրքը․ նախ հատվածներ Հին Կտակարանից, ապա Նոր Կտակարանի առաքելական թղթերից։ Այնուհետև սարկավագը երգելով ընթերցում է օրվա Ավետարանը, որով Աստված կրկին խոսում է մեզ հետ։
Հավատո հանգանակ - Ավետարանի ընթերցումից հետո սարկավագը և խորանի բոլոր սպասավորները շրջվում են դեպի Ս․ Սեղան և ձեռնամած արտասանում Հավատո հանգանակը, որը քրիստոնեական հավատքի ամփոփումն է: Հավատամքին հաջորդում է խնդրանքների շարքը, որոնցով հայցվում է խաղաղություն և մեղքերի թողություն, պահպանություն և զորություն, ճշմարիտ հավատի ու սիրո մեջ հաստատուն մնալու շնորհ: Այս պահին պատարագիչը խնդրում է Տիրոջը հավատացյալ ժողովրդին հաղորդակից դարձնել աստվածային պարգևներին՝ մեղքերի թողություն և Ս․ Հոգու ընդունելություն գտնելու համար։
Գ. ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳ
Սկզբում հնչում է երախաներին (Ս․ Մկրտության պատրաստվողներին և չմկրտվածներին), թերահավատներին, ապաշխարության մեջ գտնվողներին սարկավագի ուղղված հորդորը՝ դուրս գալու գավիթ, քանզի սկսվում է Ս․ Պատարագի բուն խորհուրդը: Այսուհետև հնչող աղոթքներն ու երգերը վերաբերում են Տիրոջ փրկագործության խորհրդին, որով Նա մարդուն հաշտեցրեց Հոր հետ և բացեց երկնքի դռները։
Ընծաների վերաբերում և մատուցում - Սարկավագը, խնկարկելով Ս․ Սեղանին, մոտենում է խորհրդանոցին, խնկարկում, վերցնում սուրբ ընծաները և սաղմոսերգությամբ, շարականի երգեցողության ներքո սկիհը մատուցում պատարագչին։ Այս ընթացքում վերջինս ծածուկ աղոթում է Աստծուն՝ խնդրելով արժանի դարձնել իրեն պատարագելու Քրիստոսի կենդանարար մարմինն ու արյունը: Սկիհը վերցնելուց և Ս․ Սեղանին դնելուց հետո պատարագիչը խնկարկում է ընծաներին, ապա լվանում ձեռքերը՝ ի նշան մաքրության։ Այնուհետև սարկավագը քարոզով դիմում է ժողովրդին՝ հորդորելով մեծ երկյուղածությամբ, կատարյալ հավատով ու սիրով կանգնել Աստծու սեղանի առջև և աղոթել։ Քահանան բազկատարած աղոթում է Հայր Աստծուն՝ խնդրելով առաջադրված հացն ու գինին փոխարկել Իր Միածին Որդու մարմնի և արյան՝ իբրև անմահական դեղ այն ճաշակողների համար:
Ողջույն - Վերաբերումից անմիջապես հետո սարկավագը հորդորում է ժողովրդին սուրբ համբույրով ողջույն տալ միմյանց՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր պատրաստ չեն Ս. Հաղորդություն ստանալ, դուրս գան աղոթասրահից, քանզի միմյանց սիրո ողջագուրումով հպվելն անմիջական կապ ունի Քրիստոսի մարմնի և արյան սրբագործման և Եկեղեցու միության հետ: Ս․ Պատարագի ընթացքում ոչ միայն սրբագործվում են հացն ու գինին, այլև հավատացյալները, իսկ սրբության ամենահատկանշական կողմը սիրո միությունն է։ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականի երգեցողության ժամանակ հավատացյալները միմյանց ողջագուրոմով միմյանց են փոխանցում Ս․ Խորանից տրված «Ողջույնը»։
Գոհություն - Սիրո ողջագուրումից հետո հավատացյալ ժողովուրդը նմանվում է հրեշտակներին, որոնք անդադար գոհանում և փառավորում են Արարչին սրբազան երկյուղով: Ս․ Պատարագի այս մասում սարկավագի քարոզը հորդորում է մեծ իմաստությամբ ու զգուշությամբ միտքը վերընծայել առ Աստված և ամբողջ սրտով գոհանալ Նրանից: Այդժամ պատարագիչն օրհնաբանում է Աստծուն, ով շնորհեց սերովբեների ու քերովբեների հետ համարձակորեն օրհնաբանել․ «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ ես, Տե՛ր զորությունների, երկինքն ու երկիրը լի են Քո փառքով. օրհնությո՜ւն բարձունքներում, օրհնյա՜լ ես, որ եկար և գալու ես Տիրոջ անունով. օվսաննա՜ բարձունքներում»:
Հիշատակ – Շարականից հետո պատարագիչն ասում է Վերնատանը Ս․ Հաղորդության հաստատման ժամանակ Տիրոջ ասած խոսքերը․ «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը․․․», «Խմե՛ք սրանից ամենքդ, այս է Նոր Ուխտի Իմ արյունը․․․»:
Ս․ Հոգու վերակոչում - Որդու պատարագման միջոցով Հոր հետ հաշտություն ստանալու երաշխիքն ընդունելուց հետո պատարագիչը համարձակորեն խնդրում է, որ Հայրն Իր առջև դրված ընծաների վրա ուղարկի էակից Ս․ Հոգուն, որպեսզի Նրանով հացն ու գինին փոխարկվեն Տիրոջ մարմնի և արյան: Նա երկյուղով աղերսում է, որ Ս․ Հաղորդության մոտեցողների համար այն ոչ թե դատապարտություն լինի, այլ մեղքերի քավություն և թողություն։
Հիշատակություններ - Տիրոջ կենդանի մարմինն ու արյունը Ս. Սեղանի վրա ներկայանում են ոչ միայն իբրև հոգևոր կերակուր, այլև ողջ տիեզերքի և մանավանդ Քրիստոսի Եկեղեցու օրհնության պատճառ: Պատարագիչը խնդրում է, որ նրա միջոցով սեր և խաղաղություն լինի աշխարհում, հաստատուն մնա Եկեղեցին և հանգստություն շնորհվի ի Քրիստոս ննջած բոլոր մարդկանց։ Խորանի սպասավորներն աջ կողմում հիշատակում են սրբերին՝ առաքյալներին, մարտիրոսներին, ճգնավորներին, հայրապետներին, թագավորներին և բոլոր հավատացյալներին, իսկ ձախ կողմում՝ օրվա Հայրապետին, թեմակալ առաջնորդին, պատարագիչ հոգևորականին, ազատություն հայցում գերիների համար և ողորմություն՝ ողջ ժողովրդին։
Տերունական աղոթք - Այժմ, երբ ժողովուրդը քաջատեղյակ է, թե ի՛նչ խորհրդի առջև է կանգնած և պատրաստ է ընդունելու Ս․ Հոգու շնորհները, դիմում է Երկնավոր Հորը՝ երգելով «Հայր մեր» աղոթքը: Այնուհետև սարկավագը բացականչում է «Պռօսխումէ», որ նշանակում է «ուշադիր եղեք», քանզի քահանան այդ պահին բարձրացնում է սրբագործված նշխարը, իսկ դպրաց դասը երգում է․ «Միայն Սուրբ, միայն Տեր, Հիսո՛ւս Քրիստոս, Հայր Աստծու փառքի մեջ․ ամեն»:
Փառաբանություն – Այս պահին փառաբանվում է Ս․ Երրորդությունը․ նախ՝ օրհնաբանվում է Ս․ Երրորդության ամեն Անձը, ապա երեքը միասնաբար:
Թաթախում - Պատարագիչ քահանան, երկրպագելով Ս. Սեղանին, համբուրում է այն, վերցնում նշխարը, թաթախում գինու մեջ՝ աղոթելով արժանացնել Ս. Հաղորդությանը և մեղքերի թողությանը: Այնուհետև պատարագիչը շրջվում է դեպի ժողովուրդը՝ ասելով․ «Սրբությամբ ճաշակենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական մարմնից ու արյունից, որ երկնքից իջնելով` բաշխվում է մեր մեջ: Սա է կյանքը, հույսը, հարությունը, մեղքերի քավությունը և թողությունը․․․»: Ապա փակվում է խորանի վարագույրը, սարկավագներն ու երգչախումբը փոխեփոխ երգում են Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Տէ՛ր, ողորմեա՛» երգը:
Բեկում - «Տէ՛ր, ողորմեա՛»-ի ավարտին սարկավագը հորդում է դպիրներին և մյուս սպասավորներին սաղմոսերգել և օրհնել Տիրոջը: Այդ ընթացքում պատարագիչ քահանան ծածուկ աղոթում է՝ պատրաստվելով Ս․ Հաղորդության բաշխմանը, իսկ դպրաց դասը երգում է «Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ» շարականը։
Հաղորդություն - Բացվում է խորանի վարագույրը, և սարկավագը բարձրաձայն հրավեր է ուղղում ժողովրդին. «Երկյուղով և հավատով առա՛ջ եկեք և սրբությամբ հաղորդվե՛ք»: Հավատացյալները հերթով մոտենում են և ճաշակում Քրիստոսի ճշմարիտ մարմինն ու արյունը։ Ս․ Հաղորդության ավարտին դպիրները երգում են․ «Մեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ. օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը», իսկ քահանան, սկիհով օրհնում է ժողովրդին՝ ասելով. «Ապրեցրո՛ւ, Տե՛ր, Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց այսուհետև մինչև հավիտյան»:
Գոհաբանություն - Դարձյալ փակվում է վարագույրը, և դպիրները երգում են․ «Լցվեցինք Քո բարիքներով....», որի ընթացքում պատարագիչ քահանան, գոհաբանության աղոթքն ասելով, լվանում է սկիհը և ձեռքերը, իսկ սարկավագը սուրբ սպասքը տանում է խորհրդանոց: Երգից հետո հնչում է սարկավագի հորդորը՝ գոհանալ սուրբ, երկնային, անարատ և անապական խորհրդին արժանանալու համար, իսկ դպրաց դասը բոլոր հաղորդվողների անունից երգում է. «Գոհանում ենք Քեզնից, Տե՛ր, որ մեզ կերակրեցիր Քո անմահական սեղանից՝ բաշխելով մարմինդ և արյունդ աշխարհի փրկության համար....»:
Դ. ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՐՁԱԿՈՒՄ
Փակման աղոթք - Այժմ, երբ բոլոր արժանիները հաղորդվել են և Ս․ Պատարագը հասել է լրմանը, սարկավագը կանչում է՝ «Օրհնի՛ր, Տեր», իսկ պատարագիչն ասում է Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը. «Որ օրհնում ես նրանց, ովքեր օրհնում են Քեզ, Տե՛ր, և սրբացնում ես Քեզ հուսացողներին, ապրեցրո՛ւ Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը: Պահի՛ր Քո Եկեղեցու ամբողջությունը: Սրբի՛ր նրանց, ովքեր սիրով ողջունեցին Քո տան վայելչությունը: Փառավորի՛ր մեզ Քո աստվածային զորությամբ և մի՛ լքիր Քեզ հուսացողներիս»: Այս աղոթքի յուրաքանչյուր խնդրվածքից հետո դպիրները կրկներգում են «ամեն»: Քահանան Աստծուց հայցում է Եկեղեցու համար պահպանություն և օրհնություն, զորություն և խաղաղություն։ Դպիրները եզրափակում են աղոթքը երիցս երգելով․ «Թող օրհնվա՜ծ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան», իսկ պատարագիչ քահանան, Ս․ Ավետարանը ձեռքին, իջնում է Ս․ Խորանից և ասում. «Մեր Փրկիչ Քրիստոս Աստվա՛ծ, Դու ես մարգարեների և օրենքների ամբողջացումը, որ լիովին կատարեցիր Քո հայրական տնօրինությունը, մե՛զ էլ լցրու Քո Ս․ Հոգով:
Վերջին Ավետարան - Արձակումից առաջ պատարագիչ քահանան Ս․ Ավետարան է կարդում և «Պահպանիչ» աղոթքով օրհնում ժողովրդին։
Արձակման օրհնություն – Ս․ Պատարագն ավարտվում է եկեղեցու սպասավորների և ժողովրդի կողմից Փրկչին վերառաքվող օրհնություններով. սարկավագը բացականչում է. «Ամեն ժամ պիտի օրհնեմ Տիրոջը, ամեն ժամ Նրա օրհնությունը իմ շուրթերին է» (Սաղմ. ԼԳ․ 2): Քահանան խաչակնքում է ժողովրդին և ասում. «Օրհնյա՛լ եղեք Սուրբ Հոգու շնորհներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող բոլորիդ հետ լինի. ամեն»: Իսկ դպիրները շարունակում են թվերգել 33-րդ սաղմոսի մնացած տները, որի ընթացքում ժողովրդին է բաշխվում մասը: Վերջինս նրանց համար է, ովքեր չեն կարողացել Ս․ Հաղորդություն ստանալ։